ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Քաղաքական ներկայացումը սկսվեց. ովքեր են կուշտ ապրելու մասին երազում

Քաղաքական ներկայացումը սկսվեց. ովքեր են կուշտ ապրելու մասին երազում
24.10.2016 | 21:04

Այսօր ԱԺ-ում հերթական նիստը չմեկնարկած` պատգամավորներին բավականին բարձր տրամադրություն հաղորդեց միջանցքում բացված ցուցահանդեսը։ Կենտրոնում դրված էին գյումրեցի երկու կնոջ և մի տղամարդու տարազով արձանները, որոնց հետ նկարվում էին պատգամավորները։ Առանձնահատուկ ոգևորված էր Ռոբերտ Քոչարյանի խնամի, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյանը, որը նիստերին ծպտուն անգամ չի հանում։ Վերջինս արձանների կողքին դրված գլխարկով նկարվեց Մարգարիտ Եսայանի հետ, որն էլ գլխին կրում էր հարսի քողը։ Շարմազանովն էլ միացավ զույգին ու ասաց, որ ինքն էլ հարսանիքի քավորն է։


Դահլիճում արդեն ընդդիմությունը իշխանությանն իրականություն վերադարձրեց ու խոսեց խնդիրներից։ Լևոն Զուրաբյանն առաջարկեց մենաշնորհների դեմ պայքարել ոչ թե վարչապետին զանգելով, այլ ԱԺ լսումներ կազմակերպելով ու հարցը համակողմանի քննարկելով։ Նիկոլ Փաշինյանն էլ հստակ օրինակներ նշեց, որոնց կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի։ «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, հեղինակավոր ազատամարտիկ Վահան Բադասյանը Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին: Խոսքը ալյուրի, հացի, հացահատիկի մատակարարումների մասին է, ըստ պարոն Բադասյանի, պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել»,- հայտարարեց Փաշինյանը և հաջորդ փաստն արձանագրեց, որ գործարարներից մեկին՝ Արարատ Թումանյանին արգելել են ՀՀ ներկրել մոտ 100 տոննա դիզվառելիք։ «Նրա ներկայացմամբ ՀՀ ներկրվող դիզվառելիքի չափանիշները այնպես են փոխվել, որ ստացվում է, որ Հայաստան կարող են ներկրել միայն ՌԴ-ում արտադրված դիզվառելիք»,- ասաց պատգամավորը։


Ազգային ժողովի նիստը չէր «ստացվի», եթե Գալուստ Սահակյանն իր բառուբանով չառանձնանար։ Նա էլ խոսեց մենաշնորհից։ «Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար, դա բոլոր պետություններում է այդպես, բայց այդ մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ-այնտեղ ինչ-որ բան անելով՝ դարձնել մենաշնորհներ»,- հայտարարեց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի 2017-ից հետո էլ վարչապետ մնալու հարցին. «Իսկ ընենց վարչապետը մեկը պետք է լինի երկրում, ինչ-որ մեկը կլինի: Ժողովրդի բարի մոտեցումները, ցանկությունները, նրա նկատմամբ ունեցած իղձերը եթե կան, ես կգնահատեի, որ ինքը շարունակական պրոցեսի մեջ է»։


Իսկ ամենաբացառիկը ժողովրդի գալուստսահակյանական երազանքի սահմանումն է. «Ժողովուրդը սովորաբար չի երազում ունենալ վարչապետեր, Ազգային ժողովի նախագահներ, ժողովուրդն ուզում է ընդամենը կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել»։


Օրվա «բացահայտումը» ԲՀԿ-ինն էր։ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր մի խումբ ԲՀԿ-ականներ գնացել են Ծառուկյանի տան մոտ՝ պահանջելով նրա վերադարձը քաղաքականություն։ «Մեր տեղական տարբեր կառույցներ իրենց մտադրությունները չեն թաքցրել և որոշել են այսօր գնալ ու իրենց ցանկություններն արտահայտել: ԲՀԿ-ի տարբեր կառույցներ կան, ոչ միայն տեղական կառույցներ, այլև տարբեր համակիրներ, որոնք իրենց ցանկությունները փորձել են արտահայտել»,- հայտարարեց պատգամավորը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ